«Նախագահի հետ մեծ խոսակցության գլխավոր մասնակիցները շարքային քաղաքացիներն են»` հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ի իր ոչ այն է ասուլիսում, ոչ այն է հանդիպումում, ոչ այն է հարցազրույցում: Իր կարծիքով՝ այդ ձևաչափը թելադրել է կյանքը, իրականում կյանքը նրան թելադրում է տարբերվել մյուս նախագահներից: Ի սկզբանե նա առաջարկեց խոսել ամեն ինչի, բացարձակապես ամեն ինչի մասին՝ փակ թեմաներ չկան:
Բելառուսական ժողովրդավարությունը պիտի հաստատեր, որ նախագահն առաջարկում էր ոչ միայն հարցեր տալ, այլև սեփական կարծիք հայտնել՝ ուղիղ ու բաց: Ինքն էլ ուղից ու բաց ասաց, որ 2016-ին Բելառուսը ոչ ամեն ինչ կարողացավ, բայց հաջողվեց պահպանել խաղաղությունը, կայունությունը և մարդկանց սոցիալական պաշտպանվածությունը: Աշխատավարձն ու թոշակնե՞րը: «Աշխատավարձն ու թոշակները կարող են բարձրանալ, երբ ավելի շատ արտադրենք, ավելի որակյալ ու վաճառենք ավելի բարձր գնով: Կա երկրորդ ճանապարհ՝ կարելի է ինչ-որ մեկից պարտք վերցնել, խլել, բայց դա մեր ճանապարհը չէ: Առանց այդ էլ կարգին պարտք ունենք՝ պետական, կորպորատիվ»:
Նախագահը շեշտեց՝ ինչ աշխատենք, այն էլ ստանալու ենք: Այնուամենայնիվ՝ միջին աշխատավարձը 500 դոլար՝ 2017-ին, պիտի ապահովվի:
Հեռուստաալիքներով ուղիղ հեռարձակվող հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարեց, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառը Մոսկվայի վախն է, որ Մինսկը Արևմուտք է «գնալու»: Նա մտացածին որակեց լուրերը, թե Բելառուսը ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ Բելառուսը չի ցանկանում ոչ ԵՄ մտնել, ոչ էլ ՆԱՏՕ: Ասուլիսում Լուկաշենկոն սրտի ուզածի չափ քննադատեց Ռուսաստանին՝ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին մեղադրեց, որ «գրչի մի հարվածով» միջպետական սահմանի համաձայնագիր է ջնջել, ասաց՝ քրեական գործ է հարուցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ, որ «պետությանը վնաս է հասցրել»: Հունվարի վերջին Դանկվերտը սահմանափակել էր երկու բելառուսական արտադրանքի ներմուծումը ՌԴ, պատճառաբանելով, թե կասկածներ ունի, որ ուկրաինական միս են ներկրում: Բորտնիկովն էլ սահմանային անցակետեր պիտի կառուցի Բելառուսի ու Ռուսաստանի միջև: Լուկաշենկոն հայտարարեց, որ Բելառուսը առանց ռուսական նավթի էլ կարող է ապրել, բայց դատարան է դիմել Ռուսաստանից ներկրվող նավթի ծավալների կրճատման պատճառով: Մինսկը համարում է, որ Ռուսաստանը երկկողմ պայմանավորվածություններ է խախտել: ՈՒ այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց՝ «Բելառուսը ուրիշ ճանապարհ չունի՝ բացի բազմավեկտոր քաղաքականության զարգացումից»:
Հետո սկսեց ոչ այն է մեղադրել, ոչ այն է արդարանալ. «Բազմավեկտորության հետ ամեն ինչ չստացվեց, դուք գիտեք, չեմ ուզում կրկնել: Թռչում էինք մի թևով: ՈՒր թռանք՝ նույնպես գիտեք: Այդ պատճառով մենք, գտնվելով Եվրոպայի նույնիսկ ոչ թե կենտրոնում, այլ՝ Եվրասիական մայր ցամաքի էպիկենտրոնում՝ դա է ճակատագիրը կամեցել, ուրիշ ճանապարհ չունենք՝ բացի բազմավեկտոր քաղաքականությունը զարգացնելուց»: ՈՒ դա բելառուսական մենթալիտետին համարժեք է: «Մենք պետք է բարեկամություն անենք մեր բոլոր հարևանների հետ: Մեզ օտար չեն ոչ Ռուսաստանը, ոչ ՈՒկրաինան, ոչ Լեհաստանը, ոչ Լատվիան: Նրանք Աստծո տված հարևաններն են: Հեռու վեկտորները, մեր տնտեսությունը բաց է, ի՞նչ անենք»՝ հարցրեց Լուկաշենկոն ու ինքն էլ պատասխանեց.
«Եթե մենք կարողանայինք մեր հարևաններին ամեն ինչ վաճառել, որ նորմալ ապրենք, պետք չէր լինի աշխարհի ծայրը գնալ, ինչպես ինձ վերջերս ոմանք քննադատում էին, որ հասել եմ Եգիպտոս ու Սուդան: Ինչո՞ւ էի հասել: Իմ արտադրանքը լոբբինգ անելու, ինչքան էլ ամոթ է ասելը: Գնում եմ այնտեղ, որտեղ բաց դուռ կա: Փառք Աստծո, վերջերս շատերն են դռները բացել՝ նախագահի ոչ մի այց վնասով չէր»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այնքան ճիշտ, այնքան համոզիչ, այնքան ազգի հայր էր ինքն իր աչքում իր պատասխաններով Ալեքսանդր Լուկաշենկոն, որ ավելին մեր ժամանակներում չի լինում: Իսկ եթե ձեզ թվաց, որ նրա թևերը պիջակի տակ են թաքցված ու քայլելիս ոտքերը գետնին չեն դիպչում, պրագմատիզմ էլ կար նրա խոսակցության մեջ, ու, եթե կուզեք, ցինիզմ էլ: Նա հայտարարեց, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու ոչ մի պատճառ չունի ու վստահ է. «Եթե Իսրայելը, Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, մենք կանենք այնպես, ինչպես նրանք կպայմանավորվեն: Իսրայելը, Ադրբեջանն ու Ռուսաստանը կամ պայմանավորվել են, կամ կպայմանավորվեն այս մարդու ճակատագրի վերաբերյալ, նրանք շատ սերտ համագործակցում են։ Իսրայելը սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մի մազ անգամ չի պակասի»: ՈՒ նրա կարծիքով՝ Լապշինն «այդքան էլ սարսափելի հանցագործություն չի արել»։ Այսպես: Մնացածը նրա հետ կապ չունի: Խնդիրը պրագմատիկ օգուտն է՝ որտեղից հնարավոր է: